Հրազդան քաղաքում ուսումնական հաստատությունները խոշորացնելու և ուսումնական գործընթացը ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցնելու նպատակով «Հրազդանի պետական բժշկական քոլեջ»-ը միացվել է «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին: Նման որոշում կայացրել է կառավարությունը՝ այսօրվա հերթական նիստին։

«Հրազդանի պետական բժշկական քոլեջ»-ի իրավահաջորդը կլինի «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը։

Բացի այդ, պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հրազդան քաղաքի Սպանդարյան 72 հասցեում գտնվող տարածքը, որի կազմում ներառված են երկհարկանի ձախակողմյան մասնաշենքը, կենտրոնական մասնաշենքին միացնող միջանցքը և 0.1429 հեկտար մակերեսով հողատարածքը, հետ է վերցվել «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է «Հրազդանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին։

«Հրազդանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ից հետ վերցվեց նաև Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գտնվող 1197 քմ մակերեսով անշարժ գույքը (կիսաքանդ դեղորայքի պահեստ, կիսաքանդ քիմիական նյութերի պահեստը, աստիճանավանդակը, կիսաքանդ պահակատունը, 19.79 քմ պարիսպը, պարիսպը) և ամրացվել է գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:

«Հրազդանի պետական բժշկական քոլեջ»-ն ունի 106 սովորող։ Վերջինս իր ուսումնական գործունեությունը իրականացնում է «Հրազդանի N 2 հիմնական դպրոց»-ին ամրացված ուսումնական մասնաշենքի ձախակողմյան տարածքում՝ անհատույց օգտագործման իրավունքով: Սակայն ուսումնական տարածքի փոքր լինելու պատճառով խաթարվում է դրա բնականոն ուսումնական գործընթացը:

Կրթության և գիտության նախարարության փոխանցմամբ՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում կառուցման կամ ամրացման ենթակա դպրոցների ցանկում ընդգրկված է նաև «Հրազդանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը և իրականացվող ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով այս դպրոցի շենքը ենթակա չէ պահպանման՝ պայմանավորված կոնստրուկտիվ լուծումներով: Քանդման է ենթակա նաև Հրազդանի պետական բժշկական քոլեջին հատկացված տարածքը: