ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ փոխնախարարը մասնակցում էր Հռոմում ԵԱՀԿ իտալական նախագահության կողմից կազմակերպված «ԵԱՀԿ տարածաշրջանում հակասեմիտիզմի և դրա հողի վրա այլատյացության հանցանքների դեմ պայքարում պետությունների, հաստատությունների և անհատների պատասխանատվությունը» խորագրով միջազգային խորհրդաժողովին:

Խորհրդաժողովի մասնակիցներին ընդունել է Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը:

Խորհրդաժողովին բացման ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն։ Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ մասնակից մի շարք երկրների նախարարներ և փոխնախարարներ, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենը, հրեական համաշխարհային և եվրոպական կամակերպությունների ղեկավարներ։

Խորհրդաժողովին քննարկվել են անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի հարցեր՝ հակասեմիտիզմի հատուկ շեշտադրմամբ:

Նախարարի տեղակալ Հովակիմյանն իր ելույթում նշել է, որ Հոլոքոստի հիշատակի օրվա կապակցությամբ Հռոմում հակասեմիտիզմի դեմ պայքարի թեմայով խորհրդաժողովի կազմակերպումը խորհրդանշական բնույթ ունի: Նրա խոսքով, հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, Հայաստանի հրեական համայնքն ակտիվ մասնակցություն է ունենում երկրի սոցիալական և մշակութային կյանքում:

Նա անդրադարձել է Հայաստանում հրեաների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից գործադրվող ջանքերին՝ այդ համատեքստում նշելով Եղեգիսի միջնադարյան հրեական գերեզմանատան վերականգնողական աշխատանքների մասին: