ՀՀ կառավարության մայիսի 2-ի նիստում որոշվել է տուրք սահմանել Հայաստանից արտահանվող սև մետաղի ջարդոնի վրա:

Առաջարկվող փոփոխությունը հնարավորությունը կտա տեղական արդյունաբերական ընկերություններին օգտագործել տեղում առաջացած մետաղի ջարդոնը որպես հումք` ապահովելով իրենց կողմից արտադրվող վերջնական արտադրանքի համար մրցակցային գներ:

ՀՀ նտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ սողանցք կա, որը թույլ է տալիս ջարդոնն արտահանել, ինչը «վտանգավոր է երկրի տնտեսության համար»։

«ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով սև և գունավոր մետաղների ջարդոնը և թափոնը: Մասնավորապես, ներկայումս Հայաստանում գործում են մոտ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություն, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Նշված ոլորտի ընկերություններում, ընդհանուր առմամբ, աշխատում են մոտ 1200 մարդ և մետաղամշակման համար անհրաժեշտ տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը»,- ասել է Խաչատրյանը:

ՀՀ արչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ համաձայնություն ունեն մետաղի վերամշակողների հետ, որ նրանք կհավաքեն նաև Հայաստանի տարբեր վայրերում կուտակված մեքենայի թափքերը և մետաղի այլ տեսակի ջարդոնը:

«Մենք տեղական արտադրությանն աջակցում ենք նաև պայմանով, որ այդ ընկերությունները լրջորեն կզբաղվեն Հայաստանում տարբեր տեսակի մետաղի թափոնների վերամշակման գործով: Խոսքը վերաբերվում է հին ավտոմեքենաների թափքերին, որոնք հանրապետությունում ամենուր են, ժանգոտած կրպակներին և այլն: Եվ ես ուրախ եմ, որ արդեն որոշակի արձագանքներ կան, որ այդպիսի պրոցես սկսվել է և կան ընկերություններ, որոնք միջոցներ են ձեռնարկում դաշտերից, տարբեր տեղերից այդ աղբը, թափոնները հավաքելու: Ես սա շատ կարևոր գործընթաց եմ համարում»,- ասել է Փաշինյանը: