«Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 15-16-ը կանցկացվի «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը (Impact Humanity Television and Film Festival (IHTFF), որը կներկայացնեն հայտնի հեռուստահաղորդավարներ և պրոդյուսերներ Դին Քեյնը և Մոնտել Ուիլյամսը:

Փառատոնը կանցկացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-21. այն նոր ասպարեզ է աշխարհի քաղաքացիների համար, որոնք, յուրացնելով աշխարհի մարդասիրական ու կրթական լավագույն փորձը, ձգտում են դիմագրավելու աշխարհի հրատապ մարտահրավերները՝ խթանելու սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումներ:

«Մեծ պատիվ է ներկայացնել մեր փառատոնը «Ավրորա» ֆորումի շրջանակում: IHTFF-ը կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։ Այսօր աշխարհում տիրող երկպառակտության և անտարբերության մթնոլորտում մենք նպատակ ունենք հանրահռչակելու այն հեռուստա և կինոնախագծերը, որոնք նպաստում են մարդասիրական գաղափարների առաջխաղացմանը և մարդկության բարելավմանը», - ասել է Դին Քեյնը:

«Փառատոնի առանցքը ներկայիս մարդասիրական շարժումն է, որն իրականացվում է ի հեճուկս համաշխարհային և տեղային խոչընդոտների և բարձրաձայնում է մարդու իրավունքների, մարդասիրական գաղափարների մասին։ Սա բարոյական և արդար գործ է։ Մենք ցանկանում ենք կառուցել դեպի ապագա տանող կարևոր կամուրջներ, որոնք իրենց ազդեցությունը կունենան հանրության վրա երկար տարիներ շարունակ», - ասել է Մոնտել Ուիլյամսը։

Փառատոնի տնօրեն Անդրես Կաստիլյոն ասել է, որ այժմ հայտեր են ընդունում հինգ անվանակարգում՝ «Վավերագրական կարճամետրաժ ֆիլմ և ռեպորտաժ», «Հատուկ ռեպորտաժ», «Հեռուստասերիալ», «Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ», «Լիամետրաժ վավերագրական ֆիլմ»:

Հայտագրումն անվճար է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Մրցույթում ընդգրկված նախագծերը հայտնի կդառնան օգոստոսի 30-ին։ Ընտրող հանձնաժողովում հայտնի կինոգործիչներ են, մարդասերներ և Հոլիվուդյան հեռուստա-և կինոարտադրության ոլորտի նշանակալի ներկայացուցիչներ։ Ֆիլմերի ցուցադրման ձևաչափը Blu-Ray-ն է։

Կինոգործիչները կարող են հայտագրել իրենց աշխատանքները Film Freeway հարթակի միջոցով։

«Ավրորա» ֆորումի շաբաթվա ընթացքում IHTFF- ի շրջանակում ցուցադրություններից զատ կկայանա նաև մրցանակաբաշխություն, ինչպես նաև կկազմակերպվեն հատուկ քննարկումներ` նվիրված մարդու իրավունքները լուսաբանող ֆիլմերի կարևորությանը։