ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մայիսի 3-ին քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական պատվիրակությունը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են տարբեր մակարդակներում պարբերական հանդիպումների և քննարկումների անցկացումը։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների, մասնավորապես՝ տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև՝ հումանիտար ոլորտին վերաբերող հարցերի։

Նշվել է այս տարվա ամռանը հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ անցկացնելու շուրջ ձեռք բերված համաձայնությունը, քննարկվել են նաև նույն ժամանակահատվածում հայ-վրացական գործարար համաժողով անցկացնելու հարցը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ այս նախաձեռնությունները նոր հնարավորություններ կստեղծեն երկու երկրի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։