«Հանրակրթական դպրոցների իներորդ դասարանում սովորող ներառված աշակերտները կենտրոնացված քննությունը կարող են հանձնել իրենց ընտությամբ՝ կամ դպրոցում, կամ ձևավորված քննական կենտրոններում»,- այս մասին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։ Գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ հենաշարժական խնդիրներ ունեցող աշակերտները կարող են քննությունը հանձնել ինչպես իրենց դպրոցում, այնպես էլ կենտրոնացված, ընտրությունը թողնված է երեխաների ու նրանց ծնողների վրա։

Ինչ վերաբերում է մտավոր զարգացածության խնդիր ունեցողներ աշակերտներին՝ նա նշել է.

«Նրանք ընդհանրապես ավարտական քննություն չեն հանձնում, նրանց հիմնական կրթության վկայականում գնահատական չի դրվում, այլ պարզապես նշվում է առարկաների անունները, որոնց դասերին նրանք մասնակցել են»։

Խաչանուշ Գրիգորյանը հավելել է, որ ցանկալի է՝ շուտ ներկայացվի ԳԹԿ-ին այդ երեխաների՝ քննություն անցկացնելու վայրի մասին, որ ԳԹԿ-ն նախապես մասնագետ ունենա, ով քննական կենտորնում օգնի նրան։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին կենտրոնացված կարգով քննություն են հանձնելու իներորդ դասարանի աշակարտները՝ «Հայոց լեզու» առարկայից: