Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված այսօրվանից կկազմակերպվի հեծանիվներով արշավ դեպի Շուշի: Այս մասին ասել է նախաձեռնության հեղինակ Սարգիս Փարսամյանը և ավելացրել, որ մասնակցել ցանկացողները կարող են միանալ ծրագրին:

«Առաջին օրը հատուկ մեքենայով կհասնենք Լճաշեն, որտեղից վարելով հեծանիվը 80-90 կմ՝ առաջին վրանային ավանը կկառուցենք Ծովինար-Ծովակ հատվածում (եղևնիներով անտառում՝ Սևանի ափին):

Երկրորդ օրը, շարժվելով վրանային ավանից, կհաղթահարենք Սոթքի բարձունքը, որից հետո մեզ սպասվում է երկարատև վայրէջք մինչև Քնարավան. այստեղից կշարունակենք ճանապարհը դեպի Դադիվանք և երկրորդ օրը կգիշերենք Դադիվանքի մոտակայքում (մոտ 80 կմ): Արդեն մայիսի 9-ին՝ առավոտյան, կշարունակենք ուղևորությունը և կվարենք մոտ 30 կմ: Դրմբոն չհասած՝ մենք կունենանք դադար, և հեծանիվները մինչև Այգեստան (Բալուջա) կտեղափոխենք բեռնատար մեքենայով: Հասնելով Ստեփանակերտ՝ «Մազի կամուրջ»-ից մեզ միացող արցախի հեծանվորդների հետ կկատարենք խորհրդանշական վերելք Շուշի: Վրանային ավանը նախատեսվում է հիմնել Ջդրդուզում. երեկոյան Ստեփանակերտում կմասնակցենք տոնական համերգին»,- մանրամասնել է Ս. Փարսամյանը, գրում է «Արցախպրես»-ը։

Նրա խոսքով, արշավն այսքանով չի եզրափակվելու: Մայիսի 10-ին մասնակիցները կգնան Մխիթարաշեն և քայլարշավ կկատարեն Հունոտի կիրճով («Զոնտիկներ»):

Ծրագրի շրջանակներում նրանք կլինեն նաև Գանձասարում, «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի տարածքում, իսկ մայիսի 11-ին՝ Հաթերքում կայանալիք Ժենգյալով հացի փառատոնին: