Դիլիջան քաղաքում անցկացվեց ԻՄՓԱՔԹ/ՍՔԱՅ երիտասարդական ակումբների առաջնորդների վերապատրաստման 6-օրյա դասընթացը, որին մասնակցեցին Տավուշի, Շիրակի, Լոռիի և Արագածոտնի մարզի 18 երիտասարդներ: Նպատակն էր նշյալ մարզերում նոր հիմնվող և արդեն գործող ակումբների գործունեությունը համակարգող առաջնորդ-խմբավարների վերապատրաստումը, ինչպես նաև մասնակից երիտասարդների շրջանում կամավորության խթանումը, կարողությունների և հմտությունների հզորացումը, որոնք թույլ են տալիս նրանց դառնալու մրցունակ աշխատաշուկայում:

Այս վերապատրաստումներն ամենամյա են, որին մասնակցում են այն մարզերի ներկայացուցիչները, որտեղ Վորլդ ՎԻժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունն իրականացնում է իր ծրագրերը:

Դասընթացին ուսուցանվեց ոչ ֆորմալ կրթության կազմակերպման ոճերը, փորձարարական կրթության ուսումնական փուլերը, ԻՄՓԱՔԹ/ՍՔԱՅ կրթական մոդելը, դասընթաց վարելու և խմբային աշխատանքների կազմակերպման գործիքակազմը, համայնքային ծրագրեր նախագծելու և իրականացնելու, ֆոնդահայթայթման ու հաղորդակցման մեթոդները: Մանսակիցները նաև փորձնական դասընթացներ վարեցին՝ գործնականում կիրառելով ստացած հմտությունն ու գիտելիքը:

ԻՄՓԱՔԹ/ՍՔԱՅ ակումբներում երեխաներն ու երիտասարդները գիտելիքներ և կարողություններ են ձեռք բերում ակտիվ քաղաքացիության, առաջնորդության, սոցիալական ձեռներեցության և աշխատունակության ոլորտներում, որոնք գործնականում կիրառում են համայնքային ծառայության ուսումնական ծրագրեր իրականացնելիս; Ակումբները, որոնց անդամներ են տվյալ համայնքների երեխաներ և երիտասարդներ (13-29տարեկան), նաև դիմում են դրամաշնորհներ ստանալու համար տարբեր կազմակերպություններին, իրականացնում են ֆոնդահայթայթում համագործակցում տեղական ինքնակավառաման մարմինների, մարզպետարանների, պետական, հասարակական ու միջազգային կազմակերպությունների, բիզնես հատվածի, ԶԼՄ-երի, եկեղեցու, դպրոցների ու այլ կրթական հաստատությունների և այլ կառույցների ու ոչ ֆորմալ միավորումների հետ:

Նշենք, որ այս դասընթացը վարեցին Ազատամուտի ԻՄՓԱՔԹ ակումբի և Սիսիանի ՍՔԱՅ ակումբի փորձառու առաջնորդները, ովքեր ՎՎՀ-ի աջակցությամբ վերապատրաստվել են դասընթացավարների հատուկ դասընթացին և հիմա ուսուցանում են իրենց հասակակիցներին կրթական այս մոդելը և իրենց փորձառությունը փոխանցում նոր առաջնորդներին:

ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում: Հայաստանի Լոռի, Տավուշ, Արագածոտն, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք մարզերում և Երևան քաղաքում գործում են 86 ԻՄՓԱՔԹ և ՍՔԱՅ ակումբներ, որոնց անդամներ են մոտ 1510 երեխա և երիտասարդ, որոնց առաջնորդում են 130 վերապատրաստված առաջնորդներ: