Մայիսի 9-13-ը ՀՀ Լոռու մարզում կանցկացվի «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը», որը կազմակերպում է «Հայկական կինոյի ինդուստրիայի զարգացում» մշակութային հիմնադրամը:

Մշակույթի նախարարության հաղորդմամբ, փառատոնի նպատակն է՝ նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը: Փառատոնը բաղկացած է՝ միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից. մրցանակներ կշնորհվի 12 անվանակարգերում:

Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան Հաղպատում, Դեբետում, Վանաձորում, Սպիտակում: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները: Փառատոնի շրջանակում տեղի կունենա վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ:

Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 600 հայտ աշխարհի 65 երկրից: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։