Մամուլում լուրեր են շրջանառվում, որ օրեր առաջ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ութ հիվանդի դեղ ներարկելուց հետո նրանք «գրեթե կուրացել են»: Ըստ հրապարակումների՝ պատճառը «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոցն է եղել, որը ներարկվել է թվով 6 հիվանդի, ովքեր հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են տարբերելուց եղել։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։ Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը:

Պետք է նշել, որ հիվանդների թիվը ոչ թե ութ, այլ վեց է։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և վերջիններիս առողջությանը վտանգ չի սպառնում։

Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրամասները։

Հանձնարարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ»:

Ավելի ուշ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է՝

1.Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ Վերջիններս վիրահատվել են։

2.Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում են դրա պատճառահետևանքային կապերը։