Քննչական կոմիտեի (ՔԿ) Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի հանգամանքները: Այս մասին հաղորդում է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է հասարակական կազմակերպության կողմից 2019թ-ի ապրիլի 17-ին Շիրակի մարզի դատախազություն ներկայացված «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կազմված ամփոփ վերլուծությունը, որի համաձայն՝ նշված կազմակերպության դիտորդական խմբի անդամների կողմից 2018թ-ի հուլիսի 1-ից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Գյումրի քաղաքի մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են շեղումներ՝ սահմանված նորմատիվներից:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեականգործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: