Կառավարության նիստում վարչապետն անդրադարձավ գազալցման կայաններում սեղմված բնական գազի չափման միավորը խմ-ից կգ-ով փոխարինելու հետ կապված ի հայտ եկած խնդիրներին:

«Մենք օրենսդրական նախաձեռնությունը քննարկել ենք, մի քանի անգամ արձանագրել ենք, որ դա անում ենք սպառողների շահերի պաշտպանության համար և հավաստիացումներ ենք ստացել, որ այն չի կարող միավոր գազի վաճառքի գնի վրա ազդել»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ ուզում է բոլորի ուշադրությունը հրավիրել գազի և բենզինի ոլորտում առկա մի խնդրի վրա.

«Քաղաքական առնչություններ ունեցող որոշ մարդիկ կան, նույնիսկ մենաշնորհային ավանդույթներ ունեցող մարդիկ, և ես ուզում եմ հավատալ, որ նրանք փորձ չեն անի քաղաքական շահարկումների առիթ տալ այս հարցը: Բենզինի ու գազի շուկայում կան նախկին օլիգարխներ, որոնք կարծես չափի զգացումը կորցրել են: Մենք պետք է սրանով շատ լուրջ զբաղվենք, միգուցե մենք դանդաղում ենք. հանրությունն է դժգոհում և ոմանք էլ դրանից առիթավորվում են: Ես շատ հստակ ասում եմ, եթե բոլոր այն մարմիները, ովքեր պետք է զբաղվեն այս ոլորտներով, շատ արագ զբաղվեք: Այսպիս բան պետք է թույլ չտանք, հնարավոր է՝ շատ մեղմ ենք վարվում մարդկանց հետ. իրանց թվում է, թե կատակ ենք անում»,- զգուշացրել է վարչապետը: