«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

Այս տարի հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին դիմել էր մոտ 250 անհատ և կազմակերպություն` ներկայացնելով սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանի ուղղությունների զարգացմանը վերաբերող ծրագրեր:

Հայտարարված մրցույթի արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել 3 նոր ծրագրի:

  1. «Կայուն զարգացման հայկական հիմնադրամին»` ՀՀ տարբեր մարզերում ֆրանսերեն լեզվի նորարարական դասասենյակներ ստեղծելու նպատակով։
  2. «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ին, որը նախաձեռնում է զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների, նրանց քույր-եղբայրների, ինչպես նաև տվյալ վարչական շրջանում բնակվող սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաների զարգացման, ուսուցման և հանգստի կազմակերպման համալիր ծրագիր։
  3. «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ-ին`թանգարանը ժամանակակից թվային գործիքով` քառալեզու աուդիոգիդերով համալրելու նպատակով:

«Մինչ այսօր հիմնադրամն աջակցել է 9 կազմակերպության, ինչը հնարավորություն է ընձեռել մի շարք առանցքային ոլորտներում կյանքի կոչել հասարակության համար օգտակար և հեռանկարային ծրագրեր: Այս տարի հիմնադրամի խորհրդի կողմից ընտրված 3 ծրագրերը ևս այս տրամաբանության շրջանակում են», - իր խոսքում նշել է հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը: