«Անմահ գունդ» խորագրով քայլերթի կազմակերպիչ «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության դիրքորոշումը՝ վերջին օրերին համացանցում տարածված այն նկարների հետ կապված, որոնց վրա Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի մեր ազգային հերոսների փոխարեն պատկերված են եղել Երկրորդ համաշխարհային պատերազմին այլ երկրների զորքերի կազմում մասնակցած հրամանատարներ կամ օրվա խորհրդի հետ բացարձակ կապ չունեցող անձինք (Խորհրդային Միության խորհրդանշանների ներքո)։

«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական ՀԿ-ն և ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում են այդպիսի վերաբերմունքը հայ հերոսների նկատմամբ և իրենց լիազորությունների շրջանակներում կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի հետագայում նմանատիպ նկարները տեղ չգտնեն մայիսի 9-ին անցկացվող տոնակատարություններին և այն անձիք, որոնք զբաղվում են այդ նկարների ստեղծմամբ և տարածմամբ, դադարեն այդ գործունեությունը։

Մայիսյան հաղթական եռատոնի կարևորությունն ընդգծելու համար Հայաստանում կազմակերպված «Անմահ գունդ» խորագրով քայլերթերի ընթացքում (Երևանում այն անցկացվել է չորրորդ տարին անընդմեջ) բարձրացվել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները՝ այդ ակցիաների միջոցով նպատակ ունենալով անմահացնել նրանց հիշատակը սերունդների հիշողությունում։ Նաև հարկ ենք համարում շեշտել, որ «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական ՀԿ-ն այս տարվա քայլերթերի համար պատրաստված նկարների տպագրությունն արել է բացառապես իր կազմակերպության խորհրդանշանով, որի վրա պատկերված է Երևանի «Մայր Հայաստան» հուշարձանը։