Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքում տեղի է ունեցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի և թանգարանի հանդիսավոր բացումը։

Արցախի նախագահ Բակո Սահակյան մասնակցել է արարողությանը։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների և հանդես եկել ելույթով: Բակո Սահակյանը նշել է, որ կոլխոզաշենցիները միշտ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ, ակտիվորեն մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործին:

«Կոլխոզաշենը Արցախի հինավուրց բնակավայրերից է, և նրա բնակիչներին միշտ հատուկ է եղել աշխատասիրությունը, պարկեշտությունը, նվիրվածությունը հայրենիքին և հարազատ օջախին: Դուք ունեք ձեր բնակավայրով հպարտանալու ամուր հիմքեր», - ընդգծել է իր ելույթում երկրի ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ այս հուշահամալիրը կդառնա ուխտավայր և՛ կոլխոզաշենցիների, և՛ ողջ Արցախի համար: