Իսրայելից ժամանած 46 բժիշկներից և տեխնոլոգներից կազմված խումբն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Փորձի փոխանակման նպատակով հինգօրյա այցով Հայաստան ժամանած պատվիրակությունն իր մեկ օրն անցկացրեց տարածաշրջանում եզակի հնարավորություններ ունեցող վերականգնողական կենտրոնում:

Խումբը շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել այստեղ ներդրված հետազոտական ժամանակակից տեխնոլոգիաներին, վերջին սերնդի սարքավորումներին, որոնց միջոցով մասնագետներն իրականացնում են զինվորների ու քաղաքացիական հիվանդների վերականգնողական բուժումը, հայտնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը:

Իսրայելում բիոտեխնիկական գիտությունների միության նախագահը նշել է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում մասնագետների խումբը ցանկություն է հայտնել այցելել և ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, քանի որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հաջողությունները հետաքրքրել են նաև նրանց, և սա կարող է նոր համագործակցության հիմք հանդիսանալ հայ և իսրայելցի մասնագետների համար: