Հայաստանի որսորդական մի քանի հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին՝ դժգոհություն հայտնելով կառավարության վերջին նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ որսը ժամանակավորապես արգելելու մասին հայտարարության վերաբերյալ։

Նամակում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ.

ՀՀ որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում են ավելի քան վաթսուն հազար որսորդների, և որսորդական հանրությունը իրենց մտահոգությունն են հայտնում 10.05.2019 թ. ՀՀ կառավարության նիստում ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի հայտարարության առանչությամբ, ըստ որի, կառավարությանն առաջարկվում է 3- 5 տարի ժամկետով ՀՀ ողջ տարածքում արգելել որսը և փամփուշտների ներկրումը:

Տարօրինակ է, որ պարոն Վանեցյանն իր առաջարկությունը հիմնավորում է բացառապես ոլորտի նկատմամբ վերահսկողության դժվարությամբ: ՀՀ որսորդական կազմակերպություններն ու հասարակական նախաձեռնություների ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ դիմում են ՀՀ կառավարության պատկան մարմիններին՝ զբաղվել տեսչական պատշաճ գործողություններով, խստացնել որսագողության դեմ պայքարը:

Միաժամանակ որսորդական հասարակական կազմակերպություններն ու նախաձեռնությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել կառավարությանն ու պատկան մարմիններին ձեռնարկվող միջոցառւմներին, հասարակության շրջանում քարոզչական, դաստիրակչական աշխատանքներին, իրենց կազմակերպության անդամներով և միջոցներով աջակցել որսագողության դեմ պայքարի տեսչական աշխատանքններին:

ՀՀ որսորդական կազմակերպությունները և հասարակական նախաձեռնությունները հայտարարում են, որ ՀՀ տարածքում որսի արգելումը ոչ միայն չի նպաստում որսագողության դեմ պայքարին, այլև խաթարում է երկրի անվտանգությունը, նպաստում որսագողության նոր ալիքի զարգացմանը և խոչընդոտում երկրում որսորդական բիզնեսի, սպորտային հրաձգության և դրանց ենթակառուցվածքների զարգացմանը:

Մեծարգո պարոն վարչապետ. ՀՀ որսորդական կազմակերպությունները առաջարկում են ոլորտի խնդիրների քննարկման համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն ոլորտի կարգավորման, առողջացման և մշակութաբանական խնդիրները ոլորտի մասնագետների և շահառուների անմիջական մասնակցությամբ»։

Հայաստանի ձկնորսների և որսորդների ՀԿ նախագահ՝ Գ.Խաչատրյան
Հայ որսորդների ազգային դաշինք ՀԿ նախագահ՝ Գ. Գրիգորյան
Որսորդների և հրաձիգների միավորում ՀԿ նախագահ՝ Կ. Աղաջանյան
Եգեր որսորդական միավորում ՀԿ նախագահ՝ Ա. Գևորգյան
Որսակ հայ որսորդների և ձկնորսների միություն ՀԿ նախագահ՝ Տ. Բրսոյան
Աղավնաբազե որսորդների բնապահպանների միության նախագահ՝ Հ. Խնուսյան
Բարի որս որսորդական ակումբ ՀԿ նախագահ՝ Շ. Դավթյան
Զինորս բնապահպանական ՀԿ նախագահ՝ Գ. Վարդանյան
Էդ-որս որսորդների միություն ՀԿ նախագահ՝ Է. Մանուկյան