ՏՏ ոլորտի պետական աջակության մասին օրենքում տեղի ունեցած փոփոխությունների մասին խոսել է Սթեփ Քընսալթինգ հաշվապահական ընկերության հիմնադիր և հարկային փորձագետ Սերգեյ Մուրադյանը, ով մայիսի 1-ին հյուրանկալվել էր Լրատվական ռադիոյի «Բիզնեսի Անատոմիա» հաղորդաշարին։

«Առաջին անգամ այս օրենքը ընդունվեց 2014թ-ի դեկտեմբերին, և ուժի մեջ մտավ 2015թ-ի հունվարից, արտոնությունների շրջանակը բավականին լայն էր, այն է՝ շահութահարկի 20% դրույքաչափը փոխարինվում էր 0%-ով և եկամտային հարկի միջինացված 25%-ը՝ 10%-ով։ Այս արտոնությունների արդյունքում ըստ վիճակագրության 10-նյակ ընկերություններ են ստեղծվել, ստեղծվել են 1000-ից ավել աշխատատեղեր, և այդ աշխատատեղերում միջին աշխատավարձը տարեկան 5-5,6 մլն դրամ է, որը մոտ 3 անգամ ավել է մեր միջին հանրապետական աշխատավարձից։ Այսինքն միանշանակ կարելի է ասել, որ օրենքը դրական տեղաշարժ էր ոլորտի համար»,- ասել է Մուրադյանը։

Սերգեյ Մուրադյանը անդրադարձել է օրենքում տեղի ունեցող փոփոխություններին, մասնավորապես նա նշել է, որ նորովի է շարադրվել 8-րդ հոդվածը՝ ավելացվել են սահմանափակումները՝ ով կարող է հանդիսանալ նման ընկերության սեփականատեր։

«Եթե մարդը նախորդ երեք տարիներում կամ ներկայումս ՏՏ ոլորում գործող ընկերության սեփականատեր է, ապա նոր ընկերություն հավաստագրված նա չի կարող ունենալ։ (Նախկին հավաստագրվածների վրա սա չի ազդում, այսինքն որպես խստացվող նորմ այն կազդի միայն նոր հավաստագրվող ընկերությունների վրա): Նախկին օրենքով դա բաց էր, և հները փորձում էին նոր ընկերությունների միջոցով խուսափել հարկերից։ Չնայած որ իմ կարծիքով դա այդքան էլ արդար չէ, և կարելի էր հին ընկերություններին էլ տալ որոշակի արտոնություններ կամ նորերին բերել փուլային հարկման (օրինակ առաջին տարին 10% եկամտային հարկ, հաջորդ տարի 15 և այսպես շարունակ), ինչի արդյունքում կշահեն նաև նոր ընկերությունները, քանի որ արտոնությունների դադարից հետո նոր ընկերությունների համար մեծ սթրես է միանգամից նման հարկեր վճարելը»,- ասել է Մուրադյանը։

«Երկրորդ փոփոխությունը այն է, որ նոր ընկերությունները հնարավորություն ունեն հավաստագիր ունենալ մինչև 2022թ-ի դեկտեմբերի 31-ը, այսինքն մոտ 3,5 տարով կարճեցվել է ժամկետը։

Երրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է հիմնական միջոցների վաճառքին՝ մեր առաջարկը, որ հիմնական միջոցների վաճառքը դիտվի որպես այլ գործունեությունից եկամուտ և դրանից տեղի ունենա հարկում, ընդունվել է, իհարկե, պետք է նշել, որ կա տեսակարար կշիռ 70%-30%, բայց դա այնուամենայնիվ քայլ է դեպի առաջ»,- նշել է պրն Մուրադյանը։

Հիշեցնենք, որ նախկինում, եթե դու վաճառում էիր տեխնիկա և գնում էիր նորը, զրկվում էիր հավաստագրից։

«Չորրորդ փոփոխությունը այն է, որ հին՝ մինչև 2018թ-ի փետրվարի 1-ը, հավաստագրված ընկերությունների համար մի նորմ կա, ըստ որի այս ընկերությունների հավաստագրերը ուժի մեջ կլինեն ստանալուց հետո 5 տարի ժամկետով։ Սա դրական երևույթ է հետադարձ ուժով, քանի որ կային ընկերություններ, որոնց հավաստագրի ժամկետը նախկինում մինչև 2020թ-ն էր»,- ասել է Մուրադյանը և ավելացրել․

«Օրենքի փոփոխությունները քննարկելիս կառավարության անդամները և անձամբ նախարար Հակոբ Արշակյանը լսել են մասնագիտական համայնքի կարծիքը և փոփոխություն են մտցրել օրենքի մեկ ուրիշ կետում։ Բանն այն է, որ օրենքի փոփոխության սկզբնական տարբերակում ցանկացել են միջազգային կազմակերպություններին էլ հնարավորություն տալ այս արտոնություններից օգտվելու, ասելով, որ այս ընկերություններն իրենց հետ կբերեն նոր մշակույթ։ Սակայն ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հակառակը պնդեցին, ասելով, որ այն ընկերությունները, որոնք իրենց հետ կբերեն նոր մշակույթ, իրենց չի հետաքրքրի հարկային արտոնությունը զուտ ֆինանսական առումով, այլ կհետաքրքի նրանց, ովքեր չեն բերի նոր մշակույթ և միևնույն ժամանակ կստանան հարկային արտոնություն, և առաջինից երկրորդ ընթերման ընկած ժամանակահատվածում սա փոխվեց, այսինքն միջազգային ընկերություններին շարունակում ենք չտալ հարկային արտոնություն»։