ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնը պարզաբանում է տարածել, պարզաբանել, թե ինչու 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական կենտրոնացված քննությունից հետո պատասխանի ձևաթղթի պատճենը քննություն հանձնողն իր հետ քննասենյակից չի տանելու:

«Ըստ կառավարության 12.04.2012թ. թիվ 597-Ն որոշման, միասնական քննություններ հանձնողները՝ 12-րդ դասարանն ավարտողները, քոլեջների շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները և այլն, այսինքն՝ բուհերի դիմորդները, քննության պատասխանի ձևաթղթերը պատճենահանում և քննասենյակից դուրս գալիս վերցնում են իրենց հետ: 9-րդ դասարանի հայոց լեզվի կենտրոնացված ավարտական քննությունները կարգավորող՝ կրթության և գիտության նախարարի հրամաններից ոչ մեկը նման գործառույթ չի նախատեսում՝ ոչ 388-Ն-ը, ոչ էլ 152 Ա/2-ը: Հիշեցնենք, որ կենտրոնացված քննության թեստում կա շարադրության տարրեր պարունակող առաջադրանք, որը, անգամ քննասենյակից դուրս գալիս ձևաթուղթը պատճենելու դեպքում, ստուգված չի լինելու:

Քննության ավարտից անմիջապես հետո քննական կենտրոնում այն ստուգելու են հատուկ այդ գործառույթն իրականացնելու համար վերապատրաստված ստուգողները: Հետևաբար, անիմաստ է պատճենել չստուգված շարադրությամբ ձևաթուղթը: Աշակերտներն իրենց ձևաթղթերի՝ շարադրության ստուգված մասով սքանին կկարողանան ծանոթանալ արդյունքների հրապարակումից հետո քննության յոթերորդ օրը՝ հունիսի 2-ին, իրենց դպրոցներին տրամադրված կոդերով, իսկ քննության արդյունքի բողոքարկումը կարող են անել քննության արդյունքի հրապարակման հաջորդ օրը՝ հունիսի 3-ին»,- ասված է պարզաբանման մեջ։