Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ասել են, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությունը պնդելու համար կարող են դատարան գալ մայիսի 17-ին, օրվա երկրորդ կեսին: Այդ մասին դատարանում հայտարարել է Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանը միաժամանակ, դիմելով դատավորին, ասել է, որ եթե հնարավոր է, դատարանը կարող է տալ հնարավորություն Արցախի նախագահներին իրենց երաշխավորությունը պնդել հեռակապի միջոցով։ Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը նկատել է, որ երաշխավորությունը պնդելու համար անհրաժեշտ է այն տվող անձանց ստորագրություն, ներկայություն, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Դատավորը հավելել է նաև, որ դատարանը պարտավոր է երաշխավորներին տեղեկացնել իրենց իրավունքների մասին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հինգ րոպե ժամանակ է տվել՝ պարզելու՝ եթե կարգապահական գումարտակը աշխատում է շաբաթ՝ մայիսի 18-ին, կարող են դատական նիստ հրավիրել և քննարկել Արցախի նախագահների երաշխավորությունը։ Սակայն ընդմիջումից հետո պարզվել է, որ շաբաթ օրն աշխատանքային չէ և հնարավոր չէ դատական նիստ կազմակերպել։

Ռոբերտ Քոչարյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին:

Ընդմիջումից հետո դատավորն ասել է, թե ցանկալի կլինի, որ երաշխավորները մայիսի 16-ին գան, որպեսզի ժամանակի առումով խնդիր չլինի: Պաշտպաններից Արամ Օրբելյանն ասել է, որ կփորձի ճշտել: