Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մենկարկած ռազմարդյունաբերական միջազգային MILEX-2019 ցուցահանդեսին Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ադրբեջանն արդեն 100 հազար միավորից ավելի ԱԿ–74Մ ավտոմատ է արտադրել։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Նրանց խոսքով՝ մինչև 2021թ-ը գործող պայմանագիրը նախատեսում է ընդհանուր 120 հազար ԱԿ–74Մ-ի արտադրում։

Այս թիվը, սակայն, մեզ իրատեսական չի թվում քանի որ Ադրբեջանում այս ավտոմատների արտադրությունը հակասական նախապատմություն ունի։ Այս մասին գրում է «Ռազմ․ինֆո»-ն։

Նախ՝ պայմանագիրը կնքելու ժամանակ՝ 2011թ-ին, «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը» (ЦАМТО) հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանը արտադրելու է տարեկան 12 հազար միավոր ԱԿ–74Մ։

Արտադրելով տարեկան 12 հազար միավոր ԱԿ–74Մ՝ Ադրբեջանը, բնականաբար, մինչև 2021թ կհասցներ արտադրել 120 հազար միավոր ավտոմատ՝ ինչպես այսօր հայտարարել են Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները։

Այնուհետև՝ 2013թ. ապրիլին, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը երկրի նախագահին զեկուցել էր, որ ԱԿ–74Մ-երի արտադրությունը հաջողությամբ իրականացվում է։

Ավելի ուշ՝ 2014թ-ին Բաքվում «Ռոսօբորոնէքսպորտի» գործադիր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը հայտարարել էր, որ շուտով կսկսվի ԱԿ–74Մ-ի սերիական արտադրությունը, իսկ մինչև այդ պետք է լուծեն ադրբեջանցի զինագործ մասնագետներ պատրաստելու և հոսքագծերի հետ կապված մի քանի տեխնիկական խնդիրների հարցերը։ Տոպոևը հայտարարության մեջ նաև շեշտել էր, որ արտադրությունը «համաձայնեցված գրաֆիկով» է սկսվելու։

Այսինքն՝ մինչև այդ էլ պլանավորած էր, որ Ադրբեջանը մինչև 2014թ սերիական արտադրության չի դնելու ԱԿ–74Մ-ը՝ չնայած մինչ այդ տարածվող տեղեկություններին։

Այսպիսով կասկածելի է, որ Ադրբեջանը ներկայումս արտադրել է 100 հազար ԱԿ–74Մ, սակայն արտադրանքի ծավալների մասին ստույգ գնահատական տալը դժվար է։ Չնայած վերոնշյալի, կասկածելու հիմքեր, որ Ադրբեջանը չի արտադրի նախատեսած 120 հազար ավտոմատն ու կտապալի գործարքը, չկան։