Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում դասադուլ է: Դպրոցի աշակերտները հավաքվել են մարզպետարանի շենքի դիմաց և վանկարկում են դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանի անունը:

Երեկ կայացել է դպրոցի տնօրենի ընտրություն, որը, սակայն, ըստ դպրոցի ծնողկոմիտեի նախագահի, եղել է ուղղորդված: Միակ թեկնածուն եղել է դպրոցի գործող տնօրեն Մաշա Իվանյանը, սակայն կառավարման խորհրդի 5 անդամները դեմ են քվեարկել, և նա չի ընտրվել: Դեմ քվեարկողներից մեկը եղել է ծնողների ներկայացուցիչը, ով վերջին պահին է փոխել դիրքորոշումը: Ծնողներն ասում են, որ նրա նկատմամբ ճնշում է գործադրել սկեսրայրը` Արմավիրի փոխքաղաքապետ Խաչիկ Մկրտյանը:

Արմավիրի մարզպետարանի դիմաց Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտներն ու ծնողները շարունակում են բողոքի ակցիան` ի պաշտպանություն դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանի: Վատացել է արևի տակ կանգնած մի քանի աշակերտի ինքնազգացողությունը:

Հավաքվածները հանդիպում են պահանջում Արմավիրի մարզպետի հետ, սակայն վերջինս այցով գտնվում է համայնքներում և նպատակահարմար չի համարել շուտ վերադառնալ մարզպետարան: Նա փոխանցել է, որ ծնողների հետ կհանդիպի ժամը 14-ին:

Երեխաների առողջությանը վնաս չհասցնելու համար 1-6-րդ դասարանների աշակերտներին ծնողներն ուղարկեցին տուն, իսկ բարձր դասարանցիները ծնողների հետ սպասում են մարզպետ Համբարձում Մաթևոսյանին:

Մինչ այդ, ծնողների հետ հանդիպեց փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը: Ծնողները հաղորդեցին, որ գոհ չեն հանդիպման արդյունքից: