Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) և Beeline-ը ինտելեկտուալ անակնկալ են պատրաստել երեխաների և պատանիների համար: Երկու գործընկերների տևական համագործակցության հերթական պտուղը «Ստեղծիր քո շրջայցը» առցանց ճանաչողական հարթակն է, որը մայիսի 18-ից հասանելի կլինի Կենտրոնի պաշտոնական կայքում:

Beeline-ից հայտնում են, որ այս կրթական նախաձեռնության նպատակն է կազմակերպել երեխաների և դեռահասների ինտելեկտուալ ժամանցը՝ ծանոթացնելով նրանց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրված արվեստանմուշներին:

«Ստեղծիր քո շրջայց»-ում զետեղված առաջադրանքները խթանում են մասնակիցների վերլուծական մտածողությունը, ստեղծագործական ներուժն ու երևակայությունը: Ընդ որում, հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է անձամբ այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոն և տեղում կատարել առաջադրանքները:

«Այժմ Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելելն ու արվեստի նմուշներին ծանոթանալը երիտասարդների համար կարող է դառնալ անմոռանալի արկած», - նշել է Հայաստանում Beeline-ի PR ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

Նշենք, որ Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր: