Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատարանում երաշխավորել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։

Դատարանը տեղեկացրել է, որ երաշխավորողները 500.000 ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին. վճարման անդորրագրերը քիչ առաջ ներկայացրել են դատարանին։

Նշենք, որ դատարանը երկու նախագահներին պարզաբանել է իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ զգուշացնելով, որ երաշխավորության համար մուծված գումարը կարող է պետականացվել, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի։ Բացի այդ, դատարանը պարզաբանել է, որ անձը, ով երաշխավորում է կալանքի տակ գտնվող անձի համար, պատասխանատվություն է կրում քրեական պատասխանատվության ենթարկելվու առումով։

Դատարանը հայտարարել է, որ անձնական երաշխավորության միջնորդությունը քննության առարկա կդարձնի խորհրդակցական սենյակում՝ խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները մայիսի 14-ին դատարանին ներկայացրել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը։

Արցախի ներկա և նախկին նախագահները երաշխավորել են, որ Արցախի և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում, վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց և չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։