Դատական նիստի ժամանակ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում է եղել, և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դուր չի եկել նրա՝ «շարքային կադաստրի աշխատանքի հետ» հետ կապված համեմատությունը: Արթուր Դավթյանը կոչ է արել կոռեկտ լինել:

Ռոբերտ Քոչարյանը խնդիրը համարել է, որ Արթուր Դավթյանն ընդհատել է իրեն, և դատավորն ասել է, որ դատախազն իրավունք ունի հայտարարություն անել:

«Ինքը չի ասել, որ հայտարարություն ունի, թող ասի, նոր խոսի»,- հակադարձել է Ռոբերտ Քոչարյանը:

Պաշտպաններից Հայկ Ալումյանը նկատել է, որ դատավորը բոլոր հնարավոր խախտումներից դուրս է գալիս:

«Թույլ եք տալիս դատախազությանն ընդհատել մեզանից ցանկացած մեկի խոսքը»,- ասել է նա և նշել, որ իրենք իրենց թույլ չեն տվել «բռի» ձևով միջամտել:

Դատախազը կրկին կոչ է արել կոռեկտ գտնվել և չափի մեջ լինել:

«Ես կոչ եմ անում բոլորին մաքուր իրավական դաշտում, առանց հուզական արտահայտությունների իրենց դիրքորոշումը ներկայացնել»,- ասել է նա:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ մեղադրանքը իրավական դաշտի հետ ոչ մի կապ չունի:

«Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես»,- կոպիտ արձագանքել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ դատավորն ասել է, որ պետք է խոսեն միայն գործի շուրջ:

Հայկ Ալումյանն ավելացրել է, որ որքան ավելի բարձրաստիճան դատախազ է խոսում, այնքան դատավորը կաշկանդված է: