Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցում գտնվող սպայական հանրակացարանում՝ արդեն շուրջ 25 տարի է՝ անմարդկային պայմաններում ապրում է 11 ընտանիք։ Նշված ընտանիքներից յուրաքանչյուրն ամեն առավոտ արթնանում է այն մտավախությամբ, որ իրենց տան պատերը կարող են փլվել՝ պատճառ դառնալով դժբախտ դեպքերի։

Այս մասին «Իրազեկ»-ի թղթակցի հետ զրույցում նշել է վերոնշյալ խարխլված շինությունում ապրող բնակիչներից մեկը, ով մասնավորապես նշում է․

«Այստեղ 11 ընտանիք է ապրում, մկները տներն են մտնում, փոքրիկ երեխաներ կան։ Տունը շատ վատ վիճակում է, անձրևի ժամանակ տունը ջուր է լցվում»։

Ցավալին այն է, որ բնակիչները դիմել են համապատասխան մարմիններին, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել՝ լուծելու համար նրանց կեցության վայրի խնդիրները։ Ի պատասխան բնակիչների դիմումներին թաղապետարանում պատասխանել են․

«Հովանավոր գտեք»։

Նշենք, որ անելանելի վիճակում հայտնված բնակիչները դիմել են նաև Երևանի քաղաքապետարան, որտեղից 10 օր առաջ եկել լուսանկարել են տարածքը, խարխլված շինությունը և այն պայմանները, որում ապրում են 11 ընտանիքի անդամները։ Ինչպես նշում է մեր զրուցակիցը՝ քաղաքապետարանից նույնպես լուծում չեն տվել խնդրին․

«Քաղաքապետարանից եկան, նկարեցին ու ասացին, որ լրագրող կանչենք», - նշում է բնակչուհին։

Պետք է ընդգծել, որ Երևանում և մարզերում բազմաթիվ են նման խնդիրների առաջ կանգնած ընտանիքները, քանի որ դեռ կան տարիներ առաջ կառուցված, սակայն այժմ արդեն իսկ կյանքի համար վտանգավոր դարձած վթարային շինություններ, որոնք ենթակա են քանդման։