Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գերմանական հանրահայտ «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերի հետ։ Ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որի նպատակն է ծառայություններ մատուցել բիզնեսի զարգացման ոլորտում և ակտիվացնել ներդրումների հոսքը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:

Նշելով, որ հետաքրքրված են ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ Ուլֆ Շնայդերը մեր երկրի կարևորագույն առավելություններից մեկն է դիտարկել այն, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ՝ բարիդրացիական հարաբերություններ ունի Եվրամիության հետ և կարող է ծառայել որպես բնական կամուրջ մեր տարածաշրջանի և Եվրոպայի ու եվրասիական տարածքի համար:

«Սա օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր հնարավորություններ»,- նշել է նա։

Հանրապետության նախագահը և «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիրը խոսել են ներդրումային հնարավորությունների մասին՝ համաձայնելով, որ փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու և կապերը խորացնելու մեծ ներուժ կա: Ուլֆ Շնայդերը հեռանկարային է համարել գործակցությունը նոր տեխնոլոգիաների, դեղագործության ոլորտներում։