ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից Արամ Օրբելյանին հորդորել է չխեղաթյուրել քրեական գործի նյութերում առկա փաստերը:

Օրբելյանը մայիսի 17-ին հրավիրած ասուլիսում անդրադարձել է Մարտի 1-ին զինծառայողներին մասնավոր միջոցներից 120 մլն դրամ բաժանելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը: Ըստ պաշտպանի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որպես այս դրվագի ապացույց է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան փաստաթուղթը:

Պաշտպանը, վկայակոչելով այս հանգամանքը, տարակուսանք է հայտնել, թե «ինչպես կարող էին մասնավոր միջոցներից գումարներ բաժանվել ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկագրով»:

ՀՔԾ-ին արձագանքել են, որ միայն այն հանգամանքը, որ այդ գումարները հատկացվել են ՀՀ ՊՆ ձևաթղթերի վրա կատարված նշումներով, դեռևս չի նշանակում, որ դրանք պետական միջոցներ են հանդիսացել:

«Այն, որ հիշյալ դրամական միջոցները չեն հանդիսացել ՀՀ ՊՆ բյուջետային կամ արտաբյուջետային միջոցներ, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնվել է ՀՀ պաշտպանության նախարարի` 2018թ-ի սեպտեմբերի 26-ի պաշտոնական գրությամբ: Նշված գրության պատճենը առկա է դատարան ուղարկված գործում, ուստի այն հասանելի է նաև պաշտպանական կողմին, այդ թվում` Արամ Օրբելյանին /հատոր 36, գ.թ. 95/: Հաշվի առնելով վերոգրյալը` մնում է միայն ենթադրել, որ պաշտպան Օրբելյանը կամ լիարժեք չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ էլ միտումնավոր փորձ է անում աղավաղված ներկայացնել քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, ուստի նրան հորդորում ենք իր պաշտպանական մարտավարությունն ընտրելիս այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից և չխեղաթյուրել քրեական գործի նյութերում առկա փաստերը»,- ասված է հաղորդագրությունում: