Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու վերաբերյալ կոչին, բոլոր քաղաքացիներին խնդրել էձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից։

Նա ասել է, որ պետք է բացառել ցանկացած լարվածություն։

«Հայաստանի դատական համակարգում, իհարկե, կան խնդիրներ, այդ թվում՝ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատարանի նկատմամբ քաղաքացու վստահության պակասի, արդար դատաքննության լիարժեք երաշխավորման հետ։ Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները վկայում են, որ առկա են դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությունը։ Այս ամենը նաև չքաղած դասերի ու այն բանի հետևանք է, որ նախկինում պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտի խնդիրներին։ Այս թեմաներին մանրամասն անդրադարձեր են կատարված Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումներում ու զեկույցներում։ Սակայն այս ամենով հանդերձ, առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել բացառապես իրավական եղանակներով», - ասել է ՄԻՊ-ը։