Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս առավոտ սահմանադրական դատարանի մոտ մեր ուզածը ազատ, անկախ, ինքնիշխան պետությունն է, որտեղ կառավարությունը կառավարում է իրեն տրված բոլոր օրինական լծակներով։ Գող ու կաշառակեր դատավորներին պետք է բռնի ոստիկանությունը, իսկ եթե ոստիկանությունը վստահելի չէ և վարչապետը մեզ է կանչում՝ ուրեմն նա թերացել է ոստիկանապետ ընտրելիս։

Պետական հեղաշրջումն իրականացնող դավաճաններին պետք է բռնի ԱԱԾ-ն, իսկ եթե դա էլ է անվստահելի և ուրիշ պետությանն է ծառայում՝ ուրեմն վարչապետը թերացել է ԱԱԾ ղեկավարություն փոխելիս։ Բանակը պետք է ոչ թե Սիրիայում ռսի ու թրքի կողքին լինի, այլ մեր տարածքում օտար զորքը չեզոքացնի և մեր սահմանները ինքնուրույն պահի։ Ահա թե ինչ եմ ասում՝ մեկ տարի շարունակ։

Այո, նորից ժողովրդի հետ կգնանք ու կփոխարինենք բոլոր այդ թերացած համակարգերը, ինչպես տարիներ շարունակ։ Սակայն հարցս մնում է՝ ինչի՞ համար ենք այդ դեպքում պահում այս ձրիակերներին մեր հարկերով...

Հեղափոխությունը վիրահատության պես բան է և պետք է կատարվի հստակ, արագ և արդյունավետ։ Չի կարելի կույր աղիքը մեկ տարի շարունակ կտրել։ Առավելևս չի կարելի այն բացել, քրքրել և կրկին կարել՝ բորբոքվելու է։ Այ հիմա մենք այստեղ գործ ունենք բորբոքված, քրքրված, բայց չհանված ու նորից կարված կույր աղիքի հետ։

Եվ ամենակարևորը՝ եկեք պարզ ու շիտակ ասենք, թե այդ ու՞մ դեմ է մեզ այստեղ կանչել վարչապետը։ Ո՞վ է այդ «անհայտ» ուժը, որ սարսափեցնում է դատավորներին, գաղտնալսում է ԱԱԾ պետին և ահաբեկում է կառավարությանը։ Քոչարյա՞նը։ Ոչ։ Քոչարյանին և մյուս գործակալներին նշանակող, փոխարինող, մեզ գաղութացնող ու կեղեքողը Կրեմլն է, իր ԿԳԲ-ով, 102-րդ բազայով, Գազպրոմով, ՎՏԲ բանկով և ստրկացման այլ գործիքներով։ Ահա որտեղ է չարի սկիզբն ու վերջը, ահա ինչ պարտավոր է բացատրի ժողովրդին իշխանությունը, եթե միայն դա էլ չի կատարում գաղութացման գործառույթը»։