Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ են հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողներ ու վաճառողներ: Քաղաքապետարանն այդ ոլորտում ֆիքսել է անթույլատրելի պայմաններ, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը ևս կանոնակարգելու համար:

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք պահանջեցինք դադարեցնել ապօրինի առևտուրը: Մեր պահանջից հետո եղան անձինք, որոնք անմիջապես ենթարկվեցին, սակայն ոմանց համար դա բարձր եկամտաբերության գործունեություն է, և ամեն գնով փորձեցին չենթարկվել, ինչի պատճառով տեղափոխվեցին ոստիկանության բաժին՝ օրինական պահանջները չկատարելու համար: Նշեմ նաև, որ այդ անձանցից մեկի մոտ ոստիկանության բաժնում իրականացված զննությամբ հայտնաբերվել է դանակ և կռփազենք, և այդ փաստի առիթով արդեն իսկ նախապատրաստվում են նյութեր»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Չնայած նախազգուշացումներին ու վաճառք իրականացնողների թույլ տված խախտումներին՝ օրինազանց քաղաքացիները փորձել են նաև խոչընդոտել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը:

Բացի այն, որ փողոցային առևտրի այս տեսակն ապօրինի է, այն նաև վտանգ է ներկայացնում առողջության համար: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել փողոցում պատրաստվող և վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց:

«Անհայտ է մնում, թե այդ գործունեություն իրականացնողը բժշկական զննություն անցե՞լ է, ի՞նչ պայմաններում է պատրաստում այդ հումքը, որից ստանում է «բամբակ» և որը գայթակղում է երեխաներին, թեև իրենից վտանգ է ներկայացնում: Միգուցե այդ գործունեություն իրականացնողը տուբերկուլյոզով հիվանդ է, չէ՞ որ նա երեխաների հետ է շփվում, բացի այդ, ինչ պարբերականությամբ է վերջինս բժշկական զննություն անցել, ինչ հաճախականությամբ են այդ սարքերը ախտահանվում, միգուցե տարաները երբևէ չե՞ն ախտահանվում: Ես խորհուրդ կտայի ծնողներին, որ կտրականապես չօգտվեն փողոցում պատրաստվող, վաճառվող փափուկ «բամբակից», քանի որ դրանով իսկ նրանք վտանգում են իրենց երեխաների առողջությունը»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամքերքի անվտանգության պետական ծառայության գլխավոր մասնագետ, տեսուչ Արմեն Գալստյանը:

Նշվում է, որ թեև անզեն աչքով տեսանելի են այն պայմանները, որտեղ պատրաստվում է քաղցր «բամբակը», երևանցիներից շատերը շարունակում են օգտվել դրանից:

Որպեսզի վարչարարությունն առավել արդյունավետ լինի, քաղաքապետարանը հանդես կգա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Այն դեպքերում, երբ ապօրինի առևտրով զբաղվողները չեն ենթարկվի նախազգուշացումներին, քաղաքապետարանը կառգրավի վաճառվող ապրանքը:

«Իսկ մինչ այդ, յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է մտածի իր և իր երեխայի առողջության մասին՝ խուսափելով փողոցում վաճառվող ամեն տեսակի կասկածելի ծագումով ապրանքներից: Բացօթյա ապօրինի առևտրի վերացումը մեծապես նաև այս վերաբերմունքից է կախված»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: