Իտալիայում՝ Վենետիկի Պեզարո պալատում, առաջին անգամ բացվել է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան, 1904-1948 թթ.) մեծ ցուցահանդեսը։

Ներկայացված 80 աշխատանքերն Իտալիա են տարվել աշխարհի լավագույն թանգարաններից՝ Վաշինգտոնի ազգային պատկերասրահ, Նյու Յորքի Ուիտնի ամերիկյան արվեստի թանգարան, Փարիզի Պոմպիդո կենտրոն, Երուսաղեմում Իսրայելի Ազգային թանգարան, նաև մասնավոր հավաքածուներից։ Վենետիկ են տարվել լավագույն աշխատանքները՝ 1920-ականներին Սեզանի ազդեցությամբ արված դիմանկարներից մինչև աբստրակ «պեյզաժներ», որոնք ստեղծել է 1942-1945 թվականներին։

Ցուցադրության գլխավոր նկարը Վաշինգտոնից տարված աբստրակտ էքսպրեսիոնիզմի դասական օրինակ One Year the Milkweed-ն է (1944)։ Այս բնութագրման հեղինակը սյուռեալիզմի հայր և Գորկու ընկեր տեսաբան Անդրե Բրետոնն է, որը նկարչի մեթոդն անվանել է «հիբրիդային»։ Նա և նրա հետևորդները կարծում են, որ նման նկարչությունը բացահայտում է մարդու թաքնված խնդիրները։ Գորկին շատ խնդիրներ ուներ. հրդեհը արվեստանոցում, անբուժելի հիվանդությունը, ավտովթարը և ձեռքի վնասվածքը, որը զրկել էր նրան աշխատելու հնարավորությունից, ինչն էլ բերել էր նրան, որ նկարիչն ինքնասպանություն էր գործել։

Նշենք, որ ցուցահադեսը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 22-ը։