ԱԿԲԱ ֆեդերացիան և «Գերմանիայի բնության պահպանության միության» (NABU) հայաստանյան մասնաճյուղն ամփոփել են մարտ ամսին համատեղ հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները, որի նպատակը Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացմանը նպաստելն է:

Հայտարարված մրցույթին հայաստանյան տարբեր մարզերից դիմել են շուրջ 522 անհատ և կազմակերպություն` ներկայացնելով գյուղական տուրիզմի զարգացման վերաբերյալ իրենց ծրագրերը:

Ստացված հայտերի ամփոփման արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել 5 ծրագրի, որոնց իրականացմամբ Հայաստանի մի քանի մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում գտնվող 5 տարբեր գյուղերում հնարավոր կլինի խթանել գյուղական տուրիզմի զարգացումը՝ զբոսաշրջիկներին տրամադրվող ծառայությունների որակական և քանակական աճի շնորհիվ:

«Մեր առաքելությունը միայն ֆինանսական ծառայություններ տրամադրելու մեջ չէ: Մենք ձգտում ենք Հայաստանում տնտեսության՝ հատկապես համայնքներում մեր դերն ունենալ նրանց զարգացման գործում: Ունենալով NABU-ի նման լավ գործընկեր, հպարտությամբ կարող ենք նշել, որ մենք այդ ճանապարհով էլ շարժվել ենք և նպաստում ենք համայնքների զարգացմանը»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: