Անցումային արդարադատությունը դատական համակարգի անկախության առումով պետք է լուծի ոչ թե դատավորի անկախությունը, այլ ամբողջ դատական իշխանության կրողի անկախությունը։

Այս մասին ասվում է հայաստանյան մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների՝ դեռևս 2018թ-ի դեկտեմբերին հրապարակված՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգում»։

Այս մասին գրում է «Իրազեկ քաղաքացիների» միավորումը։

Ըստ հայեցակարգի, որի հեղինակներն են «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», Հայաստանում անցումային արդարադատության պատշաճ հայեցակարգի մշակումն ու իրականացումն ապահովելու է նախկինում չքննված կամ կոծկված գործերի պատշաճ քննությունը, մարդու իրավունքների խախտումների զանազան դրսևորումների քննությունը, ճշմարտության բացահայտումը, զոհերին հնարավոր հատուցման տրամադրումը, պետական համակարգի՝ այդ թվում՝ իրավապահ, անվտանգության և դատական մարմինների առողջացումը, ինչպես նաև կանխելու է հետագայում նման խախտումների ի հայտ գալը և նպաստելու է խախտումների դեպքում դրանց պատշաճ և իրավաչափ արձագանքմանը:

Հայեցակարգում նշվում է, որ մինչ այժմ գործադիր և իշխանության այլ ներկայացուցիչները, կատարելով հակաիրավական արարք, ունեցել են անպատժելիության զգացում, որը նպաստել է նման վարքագծի շարունակական դրսևորմանը: Դատական համակարգի կողմից չպատժելը և նույնիսկ նման հակաիրավական վարքագծի պարտակելը վկայում է, որ Հայաստանը փաստացիորեն չի ունեցել դատական անկախ իշխանություն, այլ պարզապես ունեցել է մարդիկ, որոնք կատարել են դատական իշխանության գործառույթներ՝ առանց դրա գոյության փիլիսոփայության ու արժեքների պահպանման և գիտակցման:

«Այսպիսով, հեղափոխությունը փոխեց գործադիրին, գործադիրը ընտրությունների միջոցով ապահովեց, որ փոխվի օրենսդիրը, բայց դատական համակարգը չփոխվեց և մնաց նախկին ռեժիմի մի մասը»,- ասվում է հայեցակարգում:

Հայեցակարգի հեղինակները, ըստ այդմ, առաջարկում են անհապաղ մշակել անցումային արդարադատության հայեցակարգ, գործողությունների ծրագիր՝ ներգրավելով քաղաքացիական հասարակությանն ու հանրությանը, ինչպես նաև ընդունել օրենք անցումային արդարադատության մասին, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և չափանիշներին:

Քաղհասարակության ներկայացուցիչների պատրաստած հայեցակարգում առաջարկվում է նաև իրականացնել իրավապահ, անվտանգության, դատական համակարգի վեթինգ (զտում/ստուգում), որով կստուգվի այդ համակարգերում աշխատող անձանց բարեվարքությունը, կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածությունը, մասնագիտական պատրաստվածությունը:

Ընդ որում, հայեցակարգում առաջարկվում է ապահովել, որ սույն համակարգերը համալրվեն նոր կադրերով՝ միևնույն ժամանակ ամբողջովին չմաքրելով դրանք նախկին աշխատակիցներից, որոնք ունեն լուրջ և անհրաժեշտ ինստիտուցիոնալ փորձ:

Անցումային արդարադատության պայմաններում, ըստ հայեցակարգի հեղինակների, պետք է ապահովել, որ արդար դատաքննության իրավունքի խախտման արդյունքում անարդարացիորեն պատժի դատապարտված անձինք հնարավորություն ունենան դիմելու և վերաբացելու իրենց դեմ գործերը, և տեղի ունենա գործերի քննության արդարացի գործընթաց: Որպես տարբերակ՝ կարելի է ստեղծել առանձին դատախազության ստորաբաժանում, որը կզբաղվի այդ գործերով և կազմված կլինի նախկինում այդ գործերում չներգրավված, բարձր հեղինակություն, օբյեկտիվություն և անաչառություն, մասնագիտական համապատասխան կարողություններ ունեցող մասնագետներով:

Ընդհանուր առմամբ, ըստ հայեցակարգում ներկայացվող առաջարկների տրամաբանության, անցումային արդարադատությունը պետք է արտացոլի գործնականում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների արժեքների կիրառումը:

Մեր նախորդ հրապարակներում անդրադարձել էինք «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգի»՝ դատարաններին վերաբերող հատվածին։