ՀՀ կառավարություն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացնելով նախագծերի փաթեթը, նշել է, որ առաջարկվում է լուծել աշխատանքային և զինվորական կենսաթոշակներիին առնչվող հարաբերություններում իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները։

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2016թ-ի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ նշանակելիս` զինծառայության ստաժում կրկնակի չափով հաշվառվում է նաև այլ զորքերի զինծառայողների՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը։

Կենսաթոշակը նշանակվում է՝

Ա. կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու՝ այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.

Բ. կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

ՀՀ-ի հետ համապատասխան համաձայնագիր կնքած պետությունից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա կենսաթոշակ նշանակելիս` նախկին օրենսդրությամբ հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, եթե գործող օրենսդրությամբ սահմանված չեն ստաժի հաշվարկման ավելի բարենպաստ պայմաններ, իսկ եթե նշանակվող կենսաթոշակի չափը ցածր է մինչև կենսաթոշակի գործը տեղափոխելը Հայաստանի Հանրապետությունում վճարված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով.

-կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս՝ ավել վճարված կենսաթոշակի գումարներից հաշվանցվում է ոչ միայն կենսաթոշակի, այլ նաև ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների գումարը (եթե կենսաթոշակառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք).

-թաղման նպաստ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ անձը սահմանված եռամսյա ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է մինչև իր վերաբերյալ որոշում կայացնելը.

-կենսաթոշակառուն պարտավոր է իրեն վերաբերող հավաստի տվյալները ներկայացնել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, այլ ոչ թե լիազոր մարմին.

-կենսաթոշակային վճարը պետական բյուջե է վճարվում ՀՀ դրամով։

«Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխության ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել.

-եթե անձը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այդ նպաստներից որևէ տեսակի նպաստի իրավունք և այլ տեսակի նպաստ նշանակելու դիմումը ներկայացրել է նպաստ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ապա այլ տեսակի նպաստը նշանակվում է նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից,

-թաղման նպաստ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ անձը սահմանված եռամսյա ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է՝ մինչև իր վերաբերյալ որոշում կայացնելը։