Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Նամակի մեջ մասնավորապես նշված է․

«Գտնում են, որ հիշյալ դատական ակտը ակնհայտ ապօրինի և անարդար է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ սահմանազանցմամբ։ Պատճառաբանությունները հետևյալն են․

Դատավոր Գրիգորյանն անցել է իր լիազորությունների սահմանը և դիմել Սահմանադրական դատարանից մեկնաբանություններ ստանալու խնդրանքով, որի իրավունքը, Քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի երկրորդ մասին համապատասխան և սահմանադրության 6 հոդվածի համատեքստում, չուներ։

Գրիգորյանը խախտել է նաև դատական ակտ կայացնելու դատավարական կարգը և հիշյալ որոշումը կայացնելով կողմի միջնորդության հիման վրա, կոպիտ կերպով չի պահպանել միջնորդությունների քննարկման դատավարական ընթացակարգը։

Նշված դատական ակտը մբողջությամբ կառուցված է դատավոր Գրիգորյանի անձնական դրդումների վրա, ինչի մասին են վկայում վերջինիս անձնական, իր կարգավիճակից չբխող և՛ իր կողմնակալության մասին ուղղակի վկայող բազմաթիվ ձևակերպումներ․

- Վերոհիշյալով պայմանավորված՝ լիովին կիսում եմ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն,

- Վերոհիշյալ դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի նկատմամբ՝ գտնում եմ, որ Քոչարյանին մեղսագրված արարքի նկարագրությունից ակնհայտորեն հետևում է, որ նրան վերագրված արարքները վերաբերում են որպես նախագահ իր կարգավիճակին, այլ ոչ որպես մասնավոր անձ կատարած գործողություններին։ Հետևաբար, սույն դեպքում Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար հհ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնմխելության երաշխիքից,

- Վճռաբեկ դատարանի ձևավորած դատողությունները համոզիչ չեն,

- Վճռաբեկ դատարանը հանգել է սխալ հետևության,

- Հանրապետության նախագահը անձեռնմխելի է, ինչը ենթադրում է, որ վերջինս չի կարող քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների իրականացման ժամկետում ինչպես իր կարգավիճակից բխող գործողությունների համար, այնպես էլ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների կատարման համար,

Այսպիսի դատողություններ և կարծիքներ ունեցող դատավորը պետք է առնվազն ինքնաբացարկ հայտներ։

Խնդրում եմ սույն նամակը համարել որպես հաղորդում հանցագործության մասին»։