ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ապրանքներ ներկրող առևտրականների հետ կապված միջադեպին:

Նա նշել է, որ ԱԱԾ-ի իրականացրած միջոցառումներն օրինական էին, իսկ քաղաքացիները դիմել են սադրանքների:

«Դրանք իրականացվել են օրենքին համապատասխան, որևէ խախտում ԱԱԾ ծառայողների կողմից չի եղել: Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, ինքնավնասման, ինքնասպանության փորձի են դիմել», - ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ մաքսային ծառայության աշխատակիցը դրդել է առևտրականներին դիմել այդ սադրանքներին, ծայրահեղ քայլերի:

ՀՀ օրենսդրությամբ յուրաքանչյուր անձ կարող է ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ՝ առանց մաքսազերծման: Վանեցյանի փոխանցմամբ, Թուրքիայից ապրանքներ ներկրող առևտրականները չեն ցանկացել մաքսազերծել այդ ապրանքը ու վճարել սահմանված պետտուրքը:

«Խոսքը 20 տոննայից ավելի ապրանքի ներկրման մասին է: Այդ ապրանքը բերել են քաղաքացիները ու չեն ուզել վճարել: Մեր ունեցած տեղեկություններով, մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կաշառք գումարի դիմաց այդ ապրանքը անարգել ՀՀ ներմուծելու համար: ԱԱԾ-ի կողմից իրականացվել են համապատասխան միջոցառումներ, ֆիքսվել է այդ գործընթացը, անցումը ֆիքսվել է, կասեցվել է», - հայտնել է Վանեցյանը՝ հավելելով, որ 20 տոննա բեռից առևտրականները միայն 3 տոննան են օրինական ձևակերպել:

Մնացածը մասը ձևակերպել են որպես օգտագործված հագուստ, կամ ռետինե խողովակներ, որոնց համար նախատեսված մաքսային գումարը շատ չնչին է: