Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճիշտ կլիներ՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր ողջ կազմով հրաժարական տար: Չգիտեմ՝ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել դատական համակարգի նկատմամբ համարյա բացարձակ անվստահութան (սա ապրիլի 10-ին հենց Գագիկ Հարությունյանի տված գնահատականն է) այս ճգնաժամային պահին պատասխանատվությունից խուսափելո՞ւ համար, թե՞ իրեն զոհ ներկայացնելով հետո հայտարարելու է, որ հարկադիր հրաժարական է և հրաժարական է տվել քաղաքական ճնշման տակ:

Տեսնենք՝ նրա հրաժարականով դատական համակարգում իրավիճակ կփոխվի՞, ինչում անձամբ ես կասկածում եմ, քանի դեռ ԲԴԽ-ն իր կազմով նույնն է մնում: Դա կախված կլինի նաև ԲԴԽ-ի նոր նախագահի անձից: Մեզ, իմ կարծիքով, խիստ անհրաժեշտ է իշխանության մյուս թևերից իսկապե՛ս անկախ, միայն օրենքի իրավունքով աշխատող դատական իշխանություն, որը կարողանա հակակշռել ընթացքիկ ցանկացած իշխանության աչառություն»: