«Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումներին «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը հանդես եկավ միջազգային փորձի համեմատականներով։ Վերջինիս խոսքով՝ ուսումնասիրել է 35 երկրների փորձը։

«Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ անցումային արդարադատությունը ձախողվում է այն երկրներում, եթե չի եղել անցումային արդարադատության համակարգ ձևավորելու անկնհայտ և անկեղծ պատրաստակամություն և առանց այդ գործընթացում բոլոր շահագրգիռ դերակատարների ներգրավում»,- ասել է նա։

Ըստ Զադոյանի՝ անցումային արդարադատության գործիքները հիմնականում չորսն են՝ քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնում, փոխհատուցման ծրագրեր և համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

«Անցումային արդարադատությունը Սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու միջոց է, որին հնարավոր չէ հասնել այլ կոնվենցիոնալ համակարգերի միջոցով, և կիրառման շրջանակները պետք է հստակ ուրվագծվեն սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունների և երկրի կոնվենցիոն պարտավորությունների շրջանակներում»,- նշել է Զադոյանը։

Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառման ժամանակ բանախոսի համոզմամբ՝ անհրաժեշտ է ՄԻԵԴ խորհրդատվություններից ակտիվորեն օգտվելու պրակտիկա ձևավորել։

Խոսելով կիրառման ժամանակահատվածի մասին՝ վերջինս ասել է, որ կարծում են՝ անհրաժեշտ է սահմանել 1991-2018թթ-ի ընկած ժամանակահատվածը։

«Կիրառման գործերի շրջանակում անհրաժեշտ է կիրառել հասարակությունից և պետությունից թալանված, գումարների վերաբեյալ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, այդ թվում նաև գերակա շահերի պատճառաբանությամբ անձանց սեփականության օտարման վերաբերյալ գործերը։ Ինչպես նաև համապետական ընտրություններում տեղ գտած զանգվածային ընտրախախտումնրի գործերը, մասնավորապես 2008թ.-ի մարտի 1-ի գործը»,-նշել է նա։

Ըստ նրա պետք է հնարավորություն տալ այն անձանց, որոնք կուտակել են անօրինական կապիտալ, չանցնել այդ դատաքննչական մամլիչի միջոցով։

«Անհրաժեշտ ենք համարում քննարկել օրենքի միջոցով կապիտալի ամնիստիա՝ մեղքի ընդունման գործարք կիրառելու և ներպետական մակարդակում գործարք առաջարկելու հարցը կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով ապօրինի հարստացներին, առաջնորդվելով և իրավական և քաղաքական գործընթացներով»,- ասել է իրավաբանը։

Կարեն Զադոյանն ասել է, որ անհրաժեշտ է սահմանել ավարտված, կասեցված քրեական գործերի վերանայման և նոր քրեական գործերի հարուցման իրավական հիմքերը։

«Անհրաժեշտ է անցումային արդարադատության մեխանիզմները ներդնելուց հետո քննարկման առարկա դարձնել այդ շրջանակներոմ դատապարտվելիք անձանց նկատմամբ համաներում տարածելու հարցը, որովհետև անցումային արդարատության քրեական բաղադրիչը ոչ միայն նպատակ է հետապնդում պատժել, հիմնական այս դեպքում պետք է պատժել կոռուպցիոն համակարգի ճարտարապետներին՝ մի քանի հոգու, իսկ մնացածը զոհեր են հանդիսանում, մնացածին պետք է հնարովորություն տալ ամնիստիայի միջոցով, եթե կվերադարձվեն գողացված կապիտալը, հնարավորություն տալ այդ մարդասիրական միջանցքով դուրս գալ»,- ասել է նա։