Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և կից ներկայացված օրենքի նախագծերը։

Նիստին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հիշեցրել է, որ օրենքն ընդունվել է 1990թ-ին մայիս ամսին, որից հետո ՀՀ-ի իրավական համակարգը բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ է կրել:

«Արդյունքում օրենքն այսօր ունի մի շարք թերություններ և հակասություններ և չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումներին, ինչպես նաև ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային։ Նաև ԴԱՀԿ ոլորտում որոշ խնդիրները բացասաբար են անդրադառնում ՀՀ-ի գործարար միջավայրի, այդ թվում Համաշխարհային բանկի՝ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ-ի դիրքի վրա: Հաշվի առնելով սա՝ մշակվել է օրենքի նախագիծը, որով նախատեսում է մի շարք բարեփոխումներ՝ մասնավորապես կատարողական թերթի տրամադրման հետ կապված»,- ներկայացրել է Զեյնալյանը։

Նախարարի խոսքով՝ ներկայումս դատարանները մերժում են կատարողական թերթերի տրամադրումը, և դա պատճառաբանում են դատարանների գրությամբ, արդյունքում անձինք խնդիր են ունենում գրությունների բողոքարկման համար:

«Օրինագծով սահմանվել են կատարողական թերթ տալու դիմումը մերժելու վերաբերյալ կարգավորումներ և նախատեսվում է, որ մերժումը բողոքարկման ենթակա է։ Նախագծով սահմանվում է հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկելու կարգը։ Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են փոստային առաքմամբ, հանձնվում են առձեռն կամ ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով: Սահմանվում է նաև կատարողական վարույթ հարուցելու կարգը, համաձայն որի, կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, իսկ անհապաղ կատարման ենթակա դատական ակտերի դեպքում՝ անհապաղ»,- մանրամասնել է նա։