Այսօր Երևանում մեկնարկել են ֆիզիկային նվիրված միջազգային ամառային դպրոցի աշխատանքները: Նպատակն է միավորել ֆիզիկայով հետաքրքրվող անձանց և գիտնականների` փոխանցելու բնագավառի վերաբերյալ գիտելիքները և փորձը: Դպրոցի ավարտից հետո կանցկացվի կոնֆերանս: Դպրոցի և գիտաժողովի թեման է հավասարակշռությունից դուրս գտնվող քվանտային բարդ համակարգերը բազմամասնիկային ֆիզիկայում և դրանից դուրս:

Հայաստանում այս թեմայով անցկացվող առաջին ամառային դպրոցն է և կոնֆերանսը:

«Թեման կարևոր է համակարգչային, IT կիրառությունների ոլորտում, մոդելների ստեղծման համար: Սա խաչվում է ֆիզիկայի արդի բոլոր ոլորտների հետ: Այս դպրոցի նպատակն է միավորել զարգացող երկրների ուսանողներին, կարևոր է նաև այն, որ Հայաստանը գիտականորեն համագործակցի հարևան երկրների` Իրանի, Վրաստանի հետ»,- նշել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատող Արփինե Փիլոյանը: Գրում է «Հետք»-ը։

Այս տարի ամառային դպրոցին մասնակցում է մոտ 40 ուսանող-հետազոտող:

Հայաստանյան տեղական կազմակերպիչն է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, իսկ հովանավորն է ICTP տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը:

Այսօր դպրոցի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Բորիս Ալտշուլերը, ով նշել է, որ դպրոցը և գիտաժողովը մեծ դեր ունեն երիտասարդ գիտնականների կայացման գործում:

«Այս թեման բոլոր կողմերից խաչվում է ոչ միայն ֆիզիկայի, այլև համակարգչային կիրառության համար, և արդյունքը կարելի է տեսնել պրակտիկ գործի միջոցով»,- նշել է նա:

Ֆիզիկային նվիրված դպրոցը բաց է մինչև մայիսի 31-ը, իսկ դրանից հետո կանցկացվի 4-օրյա կոնֆերանս: Թեմայի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ խտացված նյութի ֆիզիկան զարգանում է ամբողջ աշխարհում և լայն կիրառություն ունի: