Մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կազմակերպում է Միացյալ Նահանգները: Այս մասին հայտնի է դարձել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցական ուժերի բարձրագույն հրամանատարության կայքում հրապարակված վարժանքների ցուցակից:

Վարժանքներն անցկացվելու են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության»՝ եվրոպական և հետխորհրդային պետությունների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում: Խաղաղապահ գործողություններին աջակցություն ցուցաբերելու դաշտային փուլը լինելու է վաշտի մակարդակով:

Saber Guardian ամենամյա զորավարժությունն անցկացվում է 2013 թվականից: Նախորդ տարի վարժանքները անցկացվել են միաժամանակ Ռումինիայում, Հունգարիայում և Բուլղարիայում: Մասնակցել է 25 հազար զինծառայող, այդ թվում՝ 38 զինծառայող Հայաստանից և 150-ը՝ Վրաստանից:

Saber Guardian-ը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համատեղ շղթայական զորավարժություններից է: Նույն շղթայում է նաև Վրաստանում անցկացվող Noble Partner զորավարժությունը: