Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում, որտեղ ընթանում է «Գարեջին Վրաստանն է, Կովկասը՝ մեր տունը» կոչերով բողոքի ակցիան, քիչ առաջ իրավիճակի մասին քննարկման ժամանակ մասնակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։

Aliq.ge-ն գրում է, որ լարվածությունը նվազեցնելու համար տեղում գտնվող հոգևորականներից մեկը առաջարկել է բոլորին աղոթք անել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դավիթ Գարեջիի վանական համալիրում այս պահին բողոքի ակցիա անցկացնողները պատրաստվում են կենդանի շղթա կազմել՝ այդպիսով հավաստելով, որ դա Վրաստանի տարածքն է:

Ակցիայի մասնակիցներից Լեյբորիստական կուսակցության անդամ Դաթո Չխիրտիշվիլին նշել է, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, ադրբեջանական կողմը այսօր որոշել է Դավիթ Գարեջիի վանական համալիրում նշել Ադրբեջանի անկախության օրը, ինչը նրանք թույլ չեն տա, քանի որ տարածքը վրացական է:

Ակցիայի մասնակիցները ասել են, որ օրեր առաջ բերդի վրա իրենց կողմից կանգնեցրած Վրաստանի դրոշը հեռացվել է, ուստի այդ հարցով իրենց բողոքն ուղղված է նաև Վրաստանի կառավարությանը:

Հասարակական ակտիվիստ Իրակլի Կակաբաձեն նշել է՝ թույլ չեն տալու, որ Ադրբեջանն օկուպացնի Գարեջիի համալիրը․ «Գարեջին Վրաստանն է, Չիչխիտուրին Վրաստանն է։ Ո՛չ Սոկարի դոլարներին, ո՛չ Գարեջիի օկուպացիային»։

Աղբյուրը հիշեցնում է, որ վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Գարեջիի անապատի վանքը։