«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն իր ունեցած քաղաքական ազդեցությամբ հետագայում ևս աշխատելու է Արցախի և Գերմանիայի միջև կապերի խորացման ուղղությամբ: Այդ մասին ԱԳՀ անդամ Շտեֆեն Կոտրեն հայտարարել է Արցախի Աժ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ հանդիպմանը:

Վահրամ Բալայանը շնորհավորել է հյուրերին՝ մայիսի 26-ի ընտրությունների արդյունքներով Եվրախորհրդարանում պատգամավորական տեղերի քանակով դիրքերն ամրապնդելու առթիվ: Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է նաև Արցախի՝ ԱԳՀ կուսակցության հետ ստեղծված բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ այն կծառայեցվի տարածաշրջանում՝ մասնավորապես Արցախում խաղաղության հաստատմանն ու Արցախի՝ արտաքին աշխարհի հետ կապեր ընդլայնմանը, հայտնում է Արցախի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գերմանացի պատգամավորների հանդիպումն այնուհետև շարունակվել է Արցախի ԱԺ խմբակցությունների պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում հյուրերը Աժ պատգամավորների առաջարկությամբ խոսել են իրենց կուսակցության արձանագրած հաջողության, Գերմանիայում ղարաբաղյան հիմնախնդրիվերաբերյալ իրազեկվածության, ազգային, մշակութային արժեքների պահպանման շրջանակներում համագործակցության և եվրոպական կառույցներում Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու հեռանկարների մասին: