«2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը մի շարք փոփոխություններ է առաջարկվել:

ԱԺ նիստում այս փոփոխությունները մանրամասնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Նախագծով նախատեսվող աջակցությունից չեն օգտվի Մարտի 1-ի գործողությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել՝ արդարացման հիմքով: Այսինքն, եթե լինեն ոստիկաններ, որոնք այդ գործողությունների ընթացքում տուժել են, բայց նաև նրանց նկատմամբ եղել է քրեական հետապնդում, այս օրենքի նախագծով աջակցություն չեն ստանա»,- նշել է պատգամավորը։