Ֆրանսահայ անվանի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիս Ջորկաեֆը, Արցախում է դիտելու CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը:

Դենիս Ջորկաեֆն ասել է, որ առաջին հերթին իրեն Արցախ է բերել առաջնությունը, սակայն այս ամենից զատ, կան մի շարք ծրագրեր, որոնք կքննարկվեն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

«Հունիսի մեկին ներկա եմ գտնվել CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի բացման արարողությանը և պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ: Կարծում եմ՝ սա մեծ հնարավորություն է, որպեսզի Արցախը ճանաչելի դառնա աշխարհին: Շատ կցանկանայի, որ Արցախի թիմը հաղթի: Ֆուտբոլային խաղերում ամենից կարևորը հաղթանակն է, և սա պետք է մաղթենք մեր մասնակից թիմերին: Նույնիսկ եթե խաղում են հաճույք ստանալու և ուրախանալու համար, միևնույն է հաղթանակը առաջնահերթ է բոլոր մասնակից թիմերի համար»,- նշել է Դ. Ջորկաեֆը: