Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում hունիսի 3-ից մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկել է խեցեգործության, հուլունքագործության, ասեղնագործության, թատերական և տիկնիկագործության խմբակներով ստեղծագործական ամառային դպրոցը խոցելի խմբերի՝ սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների 7-15 տարեկան երեխաների համար:

Գրասարանից մանրամասնում են, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցի սաների համար կկազմակերպվեն նաև ճանաչողական այցեր թանգարաններ, թատրոններ ու ցուցահանդեսներ՝ ՀՀ հարուստ մշակութային ժառանգությանը հաղորդակցվելու նպատակով։

Միաժամանակ մեկնարկել է նաև գրադարանի ամենամյա ամառային դպրոցը, որի ընթացքում գրադարանը կհյուրընկալի բազմաթիվ երեխաների, կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ, նկարչության, անգլերենի և ռուսերենի փոխգործուն պարապմունքներ, ուսուցողական խաղեր, գրքի քննարկումներ, ինչպես նաև ճանաչողական այցեր դեպի թանգարաններ:

Բացի այդ, գրադարանի համալրված գրքային ֆոնդն արդեն իսկ հասանելի է ամառային ընթերցանության համար: