Հունիսի 4-ին Տեխնիկական կենտրոն-ֆուտբոլային ակադեմիայի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային:

450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի Lowe Martin Group տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: Մխիթարյանի դիմանկարը կատարված է համակարգչային գրաֆիկայի եղանակով:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունը: