Ռուսաստանում բնակվող Գրիգոր Օհանյանը, որին ռուսական լրատվամիջոցներն անվանել էին Մերձմոսկովյան շրջանում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինին սպանած անձ, մեղադրել է լրատվամիջոցներին սուտ տեղեկություններ տարածելու համար և պատրաստվում է դատի տալ նրանց, հայտնում է «Վեստի»-ն՝ իր յութուբյան էջում հրապարակելով Գրիգոր Օհանյանի հղած ուղերձը:

«Ինչ-որ մեկը տարածեց իմ լուսանկարն ու անունը, և սկսվեց... Ես այդ բարում չեմ եղել: Հիմա ամբողջ աշխարհն ինձ մարդասպան է համարում: Ես Հայաստան չեմ փախել, իսկ իմ ծնողներին այնտեղ արդեն մի քանի անգամ հարցաքննել են հատուկ ծառայությունները: Եվ ես անձամբ եմ եկել Քննչական կոմիտե, ինձ ասել են, որ ես ոչ մի կապ չունեմ, կասկածյալներն արդեն ձերբակալված են, ամեն ինչ նորմալ է»,- ասել է նա տեսաուղերձում:

Նա նշել է, որ սպանության օրը եղել է ընկերոջ որդու 20-ամյակի խնջույքին:

Ինչպես երեկ հաղորդել էր «Թերթ․ամ»-ը, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հրապարակել է Մերձմոսկովյան շրջանում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության կասկածյալներից մեկի հարցաքննության կադրերը: Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ ՔԿ կայքից:

Տեսանյութում տղամարդը, որն ըստ տարբեր լրատվամիջոցների հայ է, հայտնում է միայն իր ծննդյան ամսաթիվը և լռում:

ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ավելի վաղ հայտնել էր, որ Մերձմոսկովյան շրջանում Նիկիտա Բելյանկինի սպանության կասկածյալներից երկուսը ձերբակալվել են: Հաղորդվում է, որ նրանք ԱՊՀ երկրներից մեկի քաղաքացիներ են՝ ծնված 1977 և 1982թթ-ին: Պետրենկոն մանրամասնել էր, որ այժմ իրավապահները փորձում են պարզել նրանցից յուրաքանչյուրի ունեցած դերակատարումը: Ձերբակալվածները խուզարկվել են: Ընդհանուր առմամբ, հարցաքննվել է 50 վկա: Պետրենկոյի փոխանցմամբ՝ արդեն հայտնի են կատարվածի բոլոր մասնակիցները, նրանց հետ աշխատում են քննիչները:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գլխավոր կասկածյալը տեղի «Բիր Հաուս» սրճարանի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է, որը լքել է Ռուսաստանն ու մեկնել Երևան:

Հիշեցնենք, որ 24-ամյա Նիկիտա Բելյանկինը սպանվել է մերձմոսկովյան Պուտիլկովո շրջանում: Երիտասարդը փորձել է օգնել մի խումբ մարդկանց կողմից ծեծի ենթարկվող երկու մարդու, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել:

Ձեզ ենք ներկայացնում ռուսական լրատվամիջոցների տարածած՝ Գրիգոր Օհանյանի տեսաուղերձը․