«Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարված ստուգման ակտով հայտնաբերված խախտումներն ամբողջությամբ վերականգնվել են ՀՀ պետական բյուջե: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից: Ըստ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ակտի, որին հղում է անում Քննչական կոմիտեն, վնասը կազմել է 183.598.200 ՀՀ դրամ, որից 174.728.700 ՀՀ դրամը վերականգնել է «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը, իսկ 8.869.500 ՀՀ դրամի չափով վնասը վերականգնվել է շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների կողմից:

Հիշեցնենք, որ 2017թ. ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարել է պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի օրինականության ստուգում:

Ստուգման արդյունքների և դրան առնչվող պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՓԲԸ-ն դրամաշնորհային պայմանագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին 2015-2016թթ-ին տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ կնքել է ընդհանուր առմամբ շուրջ 2 մլրդ 400 մլն դրամի պայմանագրեր՝ հեռուստահաղորդումների, ֆիլմերի, հաղորդաշարերի ձեռքբերման և այդ հաղորդումների պատրաստման համար տեխնիկական միջոցների վարձակալման համար:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիլմերի կամ հաղորդաշարերի ձեռքբերման նպատակով կնքված 4 պայմանագրերով կազմվել և օգտագործվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր: Մասնավորապես՝ հաստատվել են աշխատանքներ կատարող կամ ծառայություն մատուցող ընկերությունների բազմաթիվ աշխատակիցների կամ մասնագետների առկայություն և դրանց համար ծախսերի հաշվարկներ: Մինչդեռ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների համադրությամբ պարզվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները կամ ընդհանրապես գրանցված աշխատակիցներ չեն ունեցել, կամ դրանց թվաքանակը եղել է զգալիորեն պակաս:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ստուգման արդյունքներով պարզվել է՝ ընկերության պատվերով կապալի պայմանագրերի շրջանակներում աշխատանքներ կատարած 4 ընկերությունների աշխատանքներում հայտնաբերվել են ընդհանուր 8.869.500 ՀՀ դրամի թերի կատարված աշխատանքներ և, նշված գումարի չափով, փաստորեն, համապատասխան ընկերությունները կատարել են վերականգնում: Թե ինչ ընկերությունների մասին է խոսքը, վարույթն իրականացնող մարմինն այս պահին չի մանրամասնում՝ պատճառաբանելով, թե նախաքննության շահերից ելնելով՝ գործի ընթացքի մասին մեր հայցած տեղեկությունը հրապարակման ենթակա չէ:

Կառավարության 2017թ-ի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության իրականացրած տեխնիկական վերազինման գործընթացի արդյունքում առաջացած պարտավորությունների կատարման նպատակով «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերությանը 2017թ-ին հատկացվել է 174,728.7 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017թ-ի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով): ՓԲ ընկերության կողմից վերականգնված գումարը հենց վերը նշված նպատակով ընկերությանը տրամադրված գումարի չափով է՝ 174.728.700 դրամ:

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունում խախտումների առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումը, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառվելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելը:

Լրատվամիջոցների հրապարակումների առթիվ քրեական գործ հարուցելու մասին դատախազությունը տեղեկացրել է 2018թ-ի հուլիսի 4-ին, սակայն առ այսօր գործով որևէ անձ չունի մեղադրյալի կարգավիճակ:

Քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են, որ «Հայատսանի Հեռուստառադիոընկերության» խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Ջաղինյանը հարցաքննվել է որպես վկա, քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան և չեն եղել:

Ստացվում է, որ առ այսօր վարույթն իրականացնող մարմինը չունի բավարար ապացույցների համակցություն՝ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու և որևէ անձի քրեական գործով մեղադրյալ ներգրավելու համար:

Այս դեպքում անհասկանալի է, թե ինչի հիման վրա, ինչ պայմանով և կարգավիճակով են հեռուստաընկերությունն ու կապալառու ընկերությունները վերականգնել պետությանը պատճառված վնասը: Մեր հարցին, թե ի՞նչ միջոցներով է հեռուստաընկերությունը վերականգնել վնասը, Քննչական կոմիտեից հայտնում են` ընկերության միջոցներից:

Հարցում ենք ուղարկել նաև Հանրային հեռուստաընկերություն՝ պարզաբանում ստանալու համար, թե ում կամ ինչ միջոցներով է ընկերությունը վերականգնել վնասը:

«Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը հանդիսանում է առևտրային կազմակերպություն, որի եկամուտները «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքների համաձայն` գոյանում են ինչպես ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի տրամադրվող ֆինասնավորումից, այնպես էլ սոցիալական գովազդի, հովանավորչության և օրենսդրությամբ սահմանված այլ եկամուտների հաշվին: Հարցման տեքստում մատնանշված վերականգնման ենթակա գումարը Հանրային հեռուստատեսությունը փաստացի վճարել է այդպիսի արտաքին աղբյուրներից ստացված դրամական միջոցների հաշվին»,- ասված է հեռուսընկերության պատասխանում:

Նշենք, որ այս պահին գործի նախաքննությունը շարունակվում է: Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննություն է կատարվում նաև ոչ պետական բյուջեից` արտաքին աղբյուրներից ստացված դրամական միջոցների օգտագործման ընթացքում ենթադրյալ խախտումների վերաբերյալ, սակայն այս մասով վարույթն իրականացնող մարմինն այս պահին հրապարակման ենթակա տեղեկություններ չի տրամադրում: